Սկիզբը` այստեղ
Վերնագրում նշվածի առումով ամեն ինչ կախված է Ուկրաինայում այժմ մղվող մարտերից, ինչպես նաև Ռուսաստանի ներքին իրավիճակից:
Եթե Ուկրաինային Արևմուտքի կողմից տրամադրվելիք հսկայական` 500 մլն եվրոյի ռազմական և 600 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական և ռազմական օգնության արդյունքում ռուսական զորքերն առաջիկայում այնտեղ խնդիրներ, դժվարություններ ունենան, և եթե Ռուսաստանում ներքին իրավիճակն ապակայունանա, ապա, հնարավոր է, որ թուրք- ադրբեջանական տանդեմը համարձակվի կատարել ԱՄՆ-ի, Արևմուտքի վերոնշյալ պահանջը, որը հիմա չի համարձակվում ու հրաժարվում է կատարել…
Այնուհանդերձ, թուրք- ադրբեջանական տանդեմն Արցախի կամ Հայաստանի դեմ սադրանքի կամ սադրանքների շարքի իրականացմամբ պատերազմ սանձազերծելու, դրա մեջ Ռուսաստանին ներքաշելու և այստեղից նրան թիկունքին խփելու համար, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, նախապատրաստվում է…
Հավանաբար քչերն ուշադրություն դարձրեցին, որ Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի ռազմական հատուկ գործողությունից 2- 3 շաբաթ առաջ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան զանգվածաբար համաներում շնորհեցին Եփրատից այն կողմ գտնվող, Սիրիայում քրդական վարչակազմի կողմից հսկվող, իրենց կողմից վերահսկվող կալանավայրերում պահվող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ կամ ԻՊ) կոչվող ահաբեկչական կազմակերպության և արմատական շարժումների հարյուրավոր հետևորդների (պաշտոնապես` համաներումը քրդական վարչակազմն է շնորհել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ…): Այս մասին ճեպազրույցում հայտնել էր Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրծովակալ Օլեգ Ժուրավլևը:
Բնականաբար, դեռ այն ժամանակ հարց առաջացավ, թե ամերիկյան ու բրիտանական գիշատիչների սրտում այդ ի՞նչ սեր էր բուսնել, այդ ի՞նչ մարդասիրություն էր առաջացել Սիրիայում բազմաթիվ ոճրագործությունների հեղինակ ահաբեկիչների նկատմամբ, և ինչո՞ւ որոշեցին հիմա նրանց ազատ արձակել…
Ժուրավլևը հայտնել էր նաև, որ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը տեղեկություն է ստացել երկրից ԻՊ նախկին գրոհայինների հեռանալու մասին և հավելել, որ նրանք այդ նպատակով օգտագործում են կեղծ անձնագրեր: Եվ ինչ` դուք հավատում եք, թե նրանք իսկապե՞ս ԱՄՆ, Կանադա և Եվրամիության երկրներ են մեկնել, կամ եթե նույնիսկ այնտեղ են մեկնել, ապա ահաբեկիչներին նշված երկրներում հյուրընկալելու են ու նրանք այնտե՞ղ են մնալու… Դե, իհարկե, ոչ… Կասկած չկա, որ նրանք կամ ուղղակիորեն են մեկնել Թուրքիա (այնտեղից մի մասը` Նախիջևան) և Ադրբեջան, կամ ԱՄՆ, Կանադա և Եվրամիության որոշ երկրներ հասնելուց հետո տեղափոխվել են այնտեղ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում մեկը մյուսի ետևից ապատեղեկատվություն է հրապարակում, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, Հայաստանի ՊՆ-ն հերքում է դրանք (վերջինը`այստեղ):
Կարծում ենք, դժվար չէ հասկանալ, որ Ադրբեջանի ՊՆ հրապարակած ապատեղեկատվությունը նպատակ ունի տեղեկատվական, քարոզչական ու քաղաքական հենք նախապատրաստելու` առաջիկայում, Ուկրաինայում և Ռուսաստանում իրադարձությունների զարգացումից կախված, մեր դիրքերի կամ Հայաստանի վրա հարձակվելու համար: Ի դեպ, նույնաբնույթ ապատեղեկատվության շարք նկատվել է նաև Քառասունչորսօրյա պատերազմից առաջ:
Ռուսաստանի հետ բախում նախապատրաստելու (դրանից անմիջապես հետո, անշուշտ, Թուրքիայի ներգրավմամբ) թերևս նույն նպատակին են ծառայում նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը և նրան ձերբակալելու (այսինքն` Ստեփանակերտի և ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող Արցախի տարածք մտնելու և այնտեղից առևանգելու) հանձնարարական տալը, Խրամորթի բնակիչներին գյուղից հեռանալու համար վերջնաժամկետ ներկայացնելը…
Ավելորդ չենք համարում մեջբերել Ուկրաինայում ՌԴ ԶՈւ ռազմական հատուկ գործողությունից դեռ բավական առաջ մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի և պատգամավոր, խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումները:
«Վերջին 2 օրվա ընթացքում միայն Մեծ Բրիտանիայից մի քանի հազար տոննա զենք ու զինամթերք է տեղափոխվել Ուկրաինա,- գրել է Հոխիկյանը Ֆեյսբուքի իր էջում:- Մեծ քանակության զենք Ուկրաինա են տեղափոխել նաև ԱՄՆ-ն, Գերմանիան և Թուրքիան։
Ռումինիայում տեղակայված ամերիկյան արտադրության մեծաքանակ տանկերը տեղափոխել են Ուկրաինայի սահման, նաև Սև ծովի առափնյա հատվածներ։
Իսպանիան և Թուրքիան միացել են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին ու Սև ծովում մոտեցել Ռուսաստանի ափերին։ Իսկ ռուսները ակտիվորեն իրենց զորքերը տեղակայում են Ուկրաինայի սահմանին և Սև ծովի ափամերձ շրջաններում, երկինք են իրենց հանել լավագույն կործանիչները, ռազմական համար մեկ է տրված ռազմածովային ուժերին։
Բելառուսում զորավարժությունների անվան տակ գործի են դրվել մեզ հայտնի Իսկանդերները, որոնց թիրախում ինչպես Ուկրաինայի մայրաքաղաքն է, այնպես էլ եվրոպական մի շարք պետություններ։
Թուրքիան պաշտոնապես աջակցություն է հայտնել Ուկրաինային և շարունակում է մատակարարել Բայրաքթարներ և այլ զենքեր։
Ներքևում կդնեմ բոլոր նշածներիս տեսանյութերը՝ որպես փաստ։
Մի քանի տասնյակ երկրներ շտապ կարգով Ուկրաինայից տարհանել են իրենց դեսպանությունների աշխատակիցներին։
Եթե մենք և մեր իշխանությունները չենք հասկանում, թե ինչ է նշանակում այս ամենը, ապա գոնե պարտավոր ենք բանակում ծառայող մեր հարազատներին տեղեկացնել, որ ավելի ուշադիր լինեն առաջնագծում։ Ադրբեջանն ու Թուրքիան անպայման կօգտվեն իրադարձությունների տագնապալի զարգացումից և մեծ բախումից։ Չմեղադրեք խուճապ տարածելու համար։ Մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք»։
Ահա և Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առաջացած լուրջ ճգնաժամը, որում անուղղակի ներգրավված են մեծ թվով երկրներ, հնարավոր էսկալացիայի դեպքում Հարավային Կովկասում կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել։
Շատ բան կախված է հնարավոր բախման մասշտաբներից, ճգնաժամային իրավիճակի ձգձգումից և դրանում երևացող կամ չերևացող ներգրաված կողմերից։
Այդ դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ «մերձեցում», նախապայմանների կատարման պատրաստակամություն ՀՀ իշխանություններին չի փրկի։
Ռիսկերի, ճգնաժամերի կառավարման գործիքակազմ այս իշխանությունը չունի, դա է պատճառը, որ մեծ տարածաշրջանում ցանկացած պայթյունավտանգ իրավիճակ ՀՀ-ին նոր սպառնալիքների առաջ է կանգնեցնում» (ընդգծումը` մերը)։
Չգիտենք` իշխանությունները զգո՞ւմ են առկա վտանգը, ու դրա հետ արդյոք կապ ունի՞ այն, որ վերջին շրջանում մեկը մյուսի ետևից փորձարկվում է Երևանի էլեկտրաշչակները:
Չմոռանանք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ այս տարվա հունվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ղրիմը համարում է ուկրաինական, պաշտպանել Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը»:
Դեռ անցյալ տարվա մարտին News.am-ը թարգմանաբար ներկայացրել է «Greek City Times»-ի հրապարակումը, որից մի հատված ներկայացնում ենք ստորև (հոդվածին առավել հանգամանորեն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.
«Ենթադրությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, հնչում է այն ժամանակ, երբ Ուկրաինան, կարծես, պատրաստվում է Դոնբասում զինված խմբավորումների դեմ գարնանային հարձակմանը: Հնարավոր է, որ Ադրբեջանը եւ Ուկրաինան՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցները, միաժամանակյա գործողություններ սկսեն, որպեսզի ստիպեն Ռուսաստանին զիջումների գնալ: Թուրքիան վճռականորեն ընդգծում է, որ Ղրիմը Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածք է, իսկ թաթարական փոքրամասնությունը, իբր, ճնշված է: Բացի այդ, Թուրքիան դրոններ է մատակարարում ուկրաինացի զինվորականներին, ինչպես նաեւ հայտարարում է, որ առանց տատանվելու հանդես կգա Հայաստանի դեմ, եթե նա չզիջի իր պահանջներին»:
Ռուսաստանի դեմ պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի ներգրավվելու վտանգն առավել հավանական է դարձել վերոնշյալ հրապարակումից 1 տարի հետո, երբ Դոնբասում Ուկրաինայի զինված խմբավորումների հարձակումը ու դրան հաջորդած Ռուսաստանի ԶՈւ ռազմական հատուկ գործողությունը դարձան իրականություն: Միայն թե այժմ դեռ միայն Ուկրաինայի, իսկ վաղը, հնարավոր է, նաև թուրք- ադրբեջանական տանդեմի միջոցով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի, Արևմուտքի գործողության նպատակը ոչ թե Ռուսաստանին ինչ-որ զիջումների գնալ պարտադրելն է, այլ նրա կործանումը ներսից` գունավոր հեղաշրջում հասունացնելով, կազմակերպելով, Պուտինին ու նրա վարչակազմը, ՌԴ ներկայիս իշխանությունը տապալելով:
Արթուր Հովհաննիսյան